Իտալական խոհանոցը ոչ միայն աշխարհում լավագույններից է, այև ներկա ժամանակներում` ամենանորաձևներից: Եվ դա զարմանալի չէ.այն տարբերվում է մթերքների և համեմունքների մեծ բազմազանությամբ: Այնտեղ օգտագործվում են բանջարեղեն, ծովամթերքներ, տավարի, անյուղ խոզի միս, թռչնամիս, մրգեր և հատապտուղներ, պանիրների բազմազան տեսականի, լոբի, ոլոռ և բրինձ: Իտալական խոհանոցը շատերիս համար իսկական ամառի համն է.հոտավետ ռեհան և լոլիկներ, ուռուցիկ սխտոր, սմբուկներ, անմահական պանիրներ և մի գավաթ հիանալի գինի:
Իտալացիների ազգային ուտեստներից են համարվում մակարոնները, որոնցից պատրաստված բոլոր տեսակի ուտեստները անվանվում են ընդհանուր` պաստա անվանմամբ: Վերջինս լինում է տարբեր ձևի և չափերի, նրան ավելացնում են ապուրների մեջ, մատուցում են սոուսներով կամ ուղղակի պանրի հետ, եփում են ջեռոցում և նույնիսկ խճօղակում են : Հաճախ պաստան մատուցում են նաև լոբու, ծաղկակաղամբի և ոլոռի համադրությամբ:
Մակարոնային մթերքներից շատ հայտնի են սպագետիները և կանելոնիները /խոշոր մակարոններ/:Սկզբում կանելոնիները խաշում են մինչև կիսապատրաստի լինելը, իսկ հետո լցոնում են կտրտած սունկով, կանաչիով, ձվով և այլ հավելումներով, որից հետո եփում են ջեռոցում:
Նաև հայտնի են լազանյաները /մակարոնային խմորից պատրաստված շերտավոր եփուկներ, որոնց արանքներում կամ բանջարեղենային խճօղակ է, կամ էլ մսային` համեմված բեշամել սոուսով և պանրով/ և ռավիոլլին`տարբեր խճօղակներով /սրանք մակարոնային խմորից պատրաստված ոչ մեծ պելմենիներ են, որոնք մատուցում են լոլիկի կամ թթվասերի սուսի և քերած պանրի հետ: Զարմանալի է, բայց իտալական խոհանոցում բոլոր պաստաները, ինչես և ապուրները, դասվում են առաջին ուտեստի շարքերում:
Ապուրներից անպայման պետք է փորձել Մինեստրոնեն` իտալ. Minestrone, minestra /ապուր/ + -one /մեծացնող ածանց/, այսինքն` Մեծ ապուր, ապուր շատ բաղադրիչներով, որը մատուցում են իտալական կանաչ սոուսի` պեստրոի, հետ: Սովորաբար պեստրոն պատրաստում են ռեհանից, ձիթայուղից և ընկույզից:
Բազմաթիվ առաջին ուտեստների ուղեկիցն է համարվում Պարմեզան պանիրը /իսկական անվանումը` Պարմիջանո Ռեջանո /իտալ. Parmigiano Reggiano//: Իր անունը /Պարմիջանո Ռեջանո/ պանիրը ստացել է երկու հիմնական արտադրող-շրջանների /Պարմա և Ռեջո-նել-Էմիլիա/ անուններից: Պարմեզան բառը համարվում է ֆրանսիական տարբերակը, որն էլ հենց տարածվել է աշխարհում: Այս պանիրը նկուղներում հասունանում է ոչ պակաս, քան երկու տարի և արդյունքում դառնում է չոր: Չկորցնելով իր համային որակները այն կարող է պահպանվել ամիսներով:






Մեկնաբանությունները
Մեկնաբանել